ԿԸՀ-ն ուսումնասիրում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները

14:37, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած ձայնագրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին լուրերը:

«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Կլսենք, կիրազեկենք դիրքորոշումների մասին»,-  նշեց Մուկուչյանը: Նա չհստակեցրեց, թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները՝ հավելելով, որ դա կախված է աշխատանքի ծավալից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ:


© 2009 ARMENPRESS.am