Շվեյցարիան ուսումնասիրում է իր տարածքում Թուրքիայի հետախուզական ծառայությունների գործունեությունը

10:06, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը մտահոգություն է հայտնել թուրքական հետախուզական ծառայությունների կողմից իր երկրի տարածքում բնակվող թուրքերին մասին տվյալներ հավաքելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին նա խոսել է Շվեյցարիա այցելած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Բուրկհալտերը մասնավորապես նշել է, որ իրենք մտահոգված են Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ անօրինական ճանապարհով թուրքական հետախուզական ծառայությունների հնարավոր գործունեության առնչությամբ:

Շվեյցարիայի արտգործնախարարը անդրադարձել է Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությանը` նշելով, որ դա չի ենթադրում խուսափել մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորությունների կատարումից: Նա ուշադրություն է հրավիրել նաև խոսքի ազատության կարևորության վրա:


© 2009 ARMENPRESS.am