Նորվեգիան պատասխանել է թուրք զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջին

14:14, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է պաշտոնական Անկարայի կողմից հնչեցված պահանջին` վերադարձնելու ապաստան ստացած հինգ զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Նորվեգիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, թե, որպես նախարարություն, որևէ մեկնաբանություն չեն տալիս փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի կողմից ապաստան տրամադրելու մասին որոշումների վերաբերյալ: «Նորվեգիայի օրենքների շրջանակում փախստականների գրասենյակն է որոշում կայացնում ապաստան տրամադրելու դիմումների հարցով»,- նշել են ԱԳՆ-ից:

Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրեն դիմած չորս սպայի և մեկ ռազմական կցորդի: Նորվեգիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայություն իրականացնող թուրք զինվորները հրաժարվել էին վերադառնալ հայրենիք: Նրանք հայտնել էին, թե որևէ առնչություն չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, սակայն վախենում են, որ վերադառնալուց հետո կարող են կալանավորվել: Նորվեգիան ապաստան է տրամադրել նաև զինվորականների ու կցորդի ընտանիքներին: Նրանց բնակության հասցեն գաղտնի է պահվում:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան տրամադրած զինվորականներին: Քուրթուլմուշն անընդունելի է համարել հինգ զինվորականի ապաստան տրամադրելու մասին Նորվեգիայի իշխանությունների որոշումը` նշելով, թե դա նշանակում է, որ այդ երկիրը բացահայտ կերպով պաշտպանում է գյուլենականներին:


© 2009 ARMENPRESS.am