Դինքի սպանության գործով որոշում է կայացվել ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենին

19:03, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի 6-րդ քրեական դատարանում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում նոր որոշում է կայացվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Դինքի սպանության գործի շրջանակներում որոշում է կայացվել ձերբակալել «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, սպանության ժամանակ դատախազ եղած Զեքերիա Օզին, լրագրողներ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Հալիլ Իբրահիմ Քոջային:

Դատարանում նշված անձանց ձերբակալության պահանջով հանդես է եկել Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոյի դատախազ Գյոքալփ Քոքչուն և դատարանը ընդունել է պահանջը` կայացնելով ձերբակալության որոշում:

Հրանտ Դինքը 1996 թ. Ստամբուլում հիմնել է «Ակոս» թերթը` նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև: Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ բազմիցս հալածվել է: Սպանվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` թերթի խմբագրատան առաջ, թուրք ազգայնամոլի հրազենի գնդակից: Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց` ի պաշտպանություն Դինքին: 


© 2009 ARMENPRESS.am