Թուրքիայի փոխվարչապետը Նորվեգիայից պահանջել է հետ ուղարկել ապաստան ստացած թուրք զինվորներին

13:11, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան ստացած զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Քուրթուլմուշն անընդունելի է համարել հինգ զինվորականի ապաստան տրամադրելու մասին Նորվեգիայի իշխանությունների որոշումը` ասելով, թե դա նշանակում է, որ այդ երկիրը բացահայտ կերպով պաշտպանում է գյուլենականներին: «Ցանկանում ենք հայտարարել, որ դա չենք ընդունելու: Եվրոպայի տարբեր երկրներում ապաստանած և ապագայում այդ երկրներ գնացող գյուլենական ավազակներին անմիջապես Թուրքիա ուղարկելը Թուրքիայի ու այդ երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների հրամայականն է»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրեն դիմած չորս սպայի և մեկ ռազմական կցորդի: Նորվեգիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայություն իրականացնող թուրք զինվորները հրաժարվել էին վերադառնալ Թուրքիա: Նրանք հայտնել էին, թե որևէ առնչություն չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, սակայն վախենում են, որ վերադառնալուց հետո կարող են կալանավորվել:

Նորվեգիան ապաստան է տրամադրել նաև զինվորականների ու կցորդի ընտանիքներին: Նրանց բնակության հասցեն գաղտնի է պահվում:


© 2009 ARMENPRESS.am