Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխվարչապետի հետ

20:10, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Աբու Դաբիի օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը:

Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում իր նախորդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարճ ժամանակաընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովի կազմակերպման համար: Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները, ինչպես նաև Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածություններն իրենց լուրջ ներդրումն ու դերակատարությունը կունենան հայ-էմիրաթյան հարաբերությունների հետագա զարգացման գործում: 

Հանրապետության Նախագահը «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի վերաբերյալ հանգամանալից զրույց է ունեցել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան ալ-Մանսուրիի հետ:


© 2009 ARMENPRESS.am