Գարո Փայլանը պատրիարքի ընտրության գործում պետության միջամտության հարցով գրություն է ուղարկել ՆԳՆ
17:09, 20 Մարտ, 2017ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել` կապված Պոլսո Հայոց պատրիարքական ընտրություններում նահանգապետարանի միջամտության հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցադրման մեջ ասվում է. «Հայ համայնքի ներսում պատրիարք ընտրելու գործընթացի մեկնարկի շուրջ համաձայնության առկայության պարագայում ո՞րն է նման միջամտության հիմնավորումը:
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ինը տարի է` չի կարողանում պաշտոնավարել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու նպատակով, համաձայն 1863 թվականի Ազգային սահմանադրության և Լոզանի պայմանագրի, 2017 թվականի մարտի 15-ին անցկացված ընտրության արդյունքում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին ընտրել են տեղապահ:
Ընտրությունից անմիջապես հետո «ՇՏԱՊ» վերտառությամբ Ստամբուլի նահանգապետարանի իրավական բաժնի տնօրինությունից փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ «Տեղապահի ընտրություն» անունով մի նամակ փոխանցվեց Պոլսո Հայոց պատրիարքարանին: Այդ գրությունը հայ համայնքի ներսում մեծ զարմանքով ընդունվեց և որակվեց որպես միջամտություն արդեն կատարված ընտրությանը:
Այդ գրությունը ո՞ր օրենքի հիման վրա է գրվել, հրահանգն ու՞մ կողմից է տրվել»:
Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:
Պատրիարքարանում տեղապահի ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:
© 2009 ARMENPRESS.am