Մյուս քաղաքական ուժերը երջանիկ կլինեին, եթե հասարակությունը ակնկալիք ունենար իրենց ցուցակի առաջին համարի անձից. Արարատ Զուրաբյան

14:49, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քարոզարշավն ընթանում է իր բնականոն հունով:

Նա ցավով նշեց, որ քարոզարշավն ուղեկցվեց ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ, «Հաց բերող» մականվամբ առավել հայտնի Արթուր Սարգսյանի մահվան դեպքով, ինչի կապակցությամբ նա իր ցավակցությունը հայտնեց ողջ հասարակությանը:

«Անկախ նրանից, թե ովքեր են կիսում կամ չեն կիսում «Սասնա ծռերի»  քայլը, կարծում եմ՝ չկա մարդ, ով Հաց բերողին բացասաբար դիտեր: Սա բերեց նրան, որ երկու օրով ընդհատեցինք մեր քարոզարշավը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:

Արարատ Զուրաբյանը նշեց, որ իրենք ժողովրդին առաջարկելու են արդարություն, հույս եւ աշխատանք:

«Իրականում, սրանք փոխկապակցված են: Հայաստանում մոտ կես մլն թոշակառու կա, եւ այն լումաները, որ ստանում են նրանք, երջանիկ ծերություն ապահովել չեն կարող: Նրանում, ինչ մենք ենք առաջարկում, չկա պոպուլիզմ: Ես չեմ ճանաչում մի թոշակառուի, որ թոշակ է ստանալու ու դնելու է այն բարձի տակ: Այդ թոշակը միանգամից տնտեսության վրա է ծախսվելու»,-նշեց նա:

Դաշինքի՝ տնտեսությանն առնչվող ծրագրային դրույթներից պատգամավորության թեկնածուն հատկապես առանձնացրեց ՓՄՁ ոլորտին առաջիկա տարիներին հարկերից ազատելու դրույթը: Նրա խոսքով՝ այս կերպ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները կկարողանան կայունացնել եւ զարգացնել իրենց բիզնեսը՝ երկրից հեռանալու մասին մտածելու փոխարեն: Արարատ Զուրաբյանը վստահ է, որ դաշինքն ունենալու է ձայների մեծ տոկոս, քանի որ, նրա խոսքով, քարոզարշավի այս շրջանում տեսնում է հասարակության ստվար զանգվածի աջակցությունը:

«Ստանալով մեծամասնություն՝ պետք է արձանագրենք մի աննախադեպ բան, այսինքն՝ գալիս ենք իշխանության, եւ դրանով Հայաստանում հնարավոր է իրականացնել իշխանափոխություն: Կոչ եմ անում ճիշտ ընտրություն կատարել, որի պարագայում հնարավոր է իրականացնել իշխանափոխություն»,-շեշտեց Արարատ Զուրաբյանը՝ ընդգծելով, որ, հնարավոր է, ընտրություններից հետո կազմեն դաշինք մեկ այլ քաղաքական ուժի հետ, սակայն բացառեց Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու հնարավորությունը: Իշխող քաղաքական ուժը, նրա խոսքով, ընտրախախտումների չգնալու դեպքում կհավաքի ձայների 20-25 տոկոսը:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Գագիկ Ծառուկյանի անցյալի մասին խոսակցությունների վերաբերյալ, նա պատասխանեց.

«Հայաստանում շատ-շատերն են կարողություն ստեղծել, սակայն շատ քչերն են դա ուղղել ժողովրդի բարօրությանը: Նա դա անում է 365 օր շարունակ, եւ նրա բարեգործությունից օգտվողները շատ են: Այսօր չէ, որ Ծառուկյանը բարեգործությամբ է զբաղվում: Եվ, կարծում եմ, մյուս քաղաքական ուժերը երջանիկ կլինեին, եթե հասարակությունը ակնկալիք ունենար իրենց ցուցակի առաջին համարում ընդգրկված անձից»,-եզրափակեց Արարատ Զուրաբյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ ընդգրկված 9 քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավը սկսեցին մարտի 5-ից:


© 2009 ARMENPRESS.am