«Հայկական վերածնունդը» կոալիցիա կկազմի միայն որոշումների կայացման վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում

17:44, 18 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հանդես է եկել հետընտրական շրջանում կոալիցիա ձևավորելու հնարավորության մասին հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունում ասվում է.

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների, տեղեկացնում ենք, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների  առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին  արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում: «Հայկական վերածնունդը» բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը  Հայաստանում իշխանության որակի  և բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին, դրա առհավատչյան նաև մեր նախընտրական կարգախոսն է` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»: 

Ինչ վերաբերվում է հետընտրական կոալիցիաներ կազմելուն, ապա ինչպես և նախկինում, այժմ ևս  հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական  և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության  շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար:

Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա և հնարավոր կոալիցիայի մեր բանաձևը»:   


© 2009 ARMENPRESS.am