ՀՀ և ՌԴ հարաբերությունները դաշնակցային են բառի իսկական իմաստով. Պուտին

15:06, 15 Մարտ, 2017

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անցած 25 տարիների ընթացքում ստացել են լիակատար դաշնակցային բնույթ՝ բառի իսկական իմաստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մոսկվայից, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես կառուցվել են շատ խորը արմատների վրա, որոնք գնում են դեպի դարերը, անցյալը: Այդպես էլ շարունակվում է նաև զարգացման ներկա փուլում»,- նշեց ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշեց նաև, որ ապրիլի 3-ին նշվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

«Գիտենք, որ մեր հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում մեծ ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստման ֆոնին: Հայաստանում ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է նաև սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը հեշտ չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանը Ձեր առաջնորդությամբ կանցնի իր զարգացման այս փուլը: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- նշեց Պուտինը:

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը և Ռուսաստանը համագործակցում են գրեթե բոլոր ուղղություններով` միջազգային կազմակերպություններում, այդ թվում այն կազմակերպություններում, որոնք գործում են հետխորհրդային տարածքում, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում: 


© 2009 ARMENPRESS.am