ԵՄ-ի հետ բանակցություններով որևէ մեկին չենք վնասում. Սերժ Սարգսյան

10:33, 15 Մարտ, 2017

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը Հայաստանին շատ բան կտա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նախ՝ բարեկամական, դաշնակցային հարաբերություններ: Երկրորդ հերթին՝ բարենպաստ առևտրային ռեժիմ. միայն մեկ օրինակ բերեմ` Հայաստանից ալյումինի փայլաթիթեղի արտահանման համար զրոյական մաքսատուրք է գործում, իսկ Ռուսաստանից այդ մաքսատուրքը 7 տոկոս է»,- նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը հիմա մասնակցում է ԵՄ-ի մի քանի ծրագրերում, մասնավորապես «Հորիզոն 2020», ինչպես նաև տարբեր ծրագրեր փոքր ու միջին բիզնեսի, գիտության զարգացման ուղղությամբ և այլն: «Մենք առաջիկայում ԵՄ-ի հետ կսկսենք առանց վիզային ռեժիմի հաստատման ուղղությամբ բանակցությունները: Մենք ուղղակի կարծում ենք, որ այդ կերպ որևէ մեկին չենք վնասում: Դրանից որևէ մեկին որևէ վատ բան չի լինի: ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանը կարող են հանգիստ լինել, քանի որ մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ ցանկացած բանակցությունների մասնակցելիս և կազմակերպություններին անդամակցելիս, դա անում ենք հաշվի առնելով մեր ունեցած պարտավորությունները»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am