Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց «Վալդայ» ակումբի անդամներին

16:56, 11 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին աշխատանքային ճաշ ունեցավ «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անդրեյ Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Նալբանդյանը կարևորեց «Վալդայ» ակումբի նիստի անցկացումը Երևանում և դրա մասնակիցներին մաղթեց բեղուն ու բովանդակալի քննարկումներ՝ արժևորելով նման ձևաչափերով պարբերական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։

Արտգործնախարար Նալբանդյանն առաջատար վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը ծավալվեց մտքերի հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։


© 2009 ARMENPRESS.am