Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ

12:45, 7 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կողմերն անդրադարձել են հունվարին  ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։

Քննարկվել է հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ 

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնման ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am