Հենրիխ Մխիթարյանը միացել է Բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը

15:32, 2 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհահռչակ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր վիրավոր զիվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»:

Ավելի վաղ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ևս միացել է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը` իր ձեռքով պատրաստելով բացիկներ:

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների ու տնօրեն Աննա Մնացականյանի օգնությամբ կպատրաստվեն տոնական բացիկներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների վերականգողական կենտրոնի վերանորոգմանը:


© 2009 ARMENPRESS.am