Ներքին անձնագրերով մեկ օրում Հայաստան է ժամանել ՌԴ 27 քաղաքացի

10:44, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով առաջին քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն ժամանեցին փետրվարի 23-ին: «Որոշման ուժի մեջ մտնելու օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով ՌԴ 20 քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին համաձայնություն էր տվել «2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴ քաղաքացիների ՀՀ տարածք այցելությունների ռեժիմը, այլև կխթանի զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացում:


© 2009 ARMENPRESS.am