Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ

17:35, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 22-ին հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  պետ Իշխան Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և  զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող   հարցերին:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կառավարության կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը էականորեն նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքներն ակնհայտ են: Նախարարը կարևորել է երկու երկրների  միջև փորձի փոխանակումը և հետագա համագործակցության ամրապնդումը:

 Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ ծրագրերի իրականացումն էապես կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարարտանյութի և անասնակերի  արտադրությամբ զբաղվող  գործարաններ և գինու թանգարան:


© 2009 ARMENPRESS.am