Վիեննայում կայացել է հայկական օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես

20:37, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանություն, Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցությամբ, դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 20-ին կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես, որին մասնակցել է օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից մեծ աջակցություն ստացած հայաստանյան 10 ընկերություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության, էկոնոմիկայի և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, զարգացման գործակալության, առևտրատնտեսական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում հավատարմարգված դեսպաններ, Ավստրիայի մեծածախ ու մանրածախ առևտուր իրականացնող խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի անունից բացման խոսքով հանդես եկավ դեսպանության առաջին քարտուղար Արսեն Առաքելյանը, ով մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսի բացման արարողությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի տվյալ ձեռնարկով մեկնարկում է նաև Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շարքը: Նա նաև անդրադարձավ Հայաստանի անկախության վերահաստատումից ի վեր Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, որի արդյունքներին ականատես եղան նաև ցուցահանդեսի հյուրերը:

Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ գործակալության ծրագրերի և որակի վերահսկման դեպարտամենտի ղեկավար Էրվին Կյունցին, ով հակիրճ անդրադարձավ Հայաստանի օրգանական մթերքի արտադրության հնարավորություններին և վերջին տասնամյակում գործակալության կողմից ՀՀ ձեռնարկատերերի հետ իրականացվող ծրագրերին:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հայկական արտադրության մթերքների և խմիչքների հյուրասիրություն»։


© 2009 ARMENPRESS.am