Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանի ձերբակալությունը երկարացվել է

16:16, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Պրեսնյայի դատարանը երկու ամսով երկարացրել Է գործարար Արամ Պետրոսյանի ձերբակալությունը, որն անցյալ տարվա ամռանը բանկ Էր գրավել ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:
«Դատարանը որոշեց բավարարել մեղադրյալ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքի տեսքով մինչեւ ապրիլի 24-ը երկարացնելու քննիչի միջնորդությունը»,- փետրվարի 21-ին որոշումը հրապարակել Է դատավոր Մարիա Կուդրյաշովան:  
Պետրոսյանին մեղադրանք Է ներկայացվել պատանդառության եւ ահաբեկչության գործով:
2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան «Սիթիբանկի»՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղ, որտեղ գտնվում Էր չորս մարդ, տղամարդ Է մտել, որի պարանոցին տուփ Էր ամրացված լարերով, եւ սկսել Է սպառնալ, որ կպայթեցնի իրեն: Չնայած սպառնալիքներին, երեկոյի ընթացքում տղամարդը ազատ Է արձակել պատանդներին եւ հանձնվել:   
Պարզվել Է, որ պատանդառուն 55-ամյա սնանկացած ձեռնարկատեր Պետրոսյանն Է: Իր մեղքը նա ընդունել Է մասնակիորեն:
Օգոստոսի 26-ին Մոսկվայի Պրեսնյայի դատարանը հետաքննության միջնորդությամբ արտոնել Է նրա ձերբակալումը: 
Գործարարը պնդում Է, որ չԷր պատրաստվում վնաս պատճառել պատանդներին, այլ միայն ցանկանում Էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա: Բանկի վրա հարձակվելուց առաջ նա YouTube-ում զետեղել Է տեսահոլովակ, որում նախազգուշացրել Է, թե «կդիմի ՌԴ Քրեական օրենսգրքի կտրուկ խախտման» եւ առաջադրել Է պահանջներ՝ «պետական մակարդակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սնանկացումը ճանաչել հիվանդություն», ինչպես նաեւ ստեղծել նոր ինստիտուտ, որը կզբաղվի սնանկացման խնդրով:  
Քննիչները որպես հանցագործության կատարման առաջնային դրդապատճառ են դիտարկում մեղադրյալի ծանր ֆինանսական դրությունը եւ տարբեր բանկերի վարկերի դիմաց վճարելու հնարավորության բացակայությունը:


© 2009 ARMENPRESS.am