Հայաստանի և Մոնղոլիայի արտգործնախարարները ուղերձներ են փոխանակել

14:52, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ցենդ Մունխ-Օրգիլը փետրվարի 21-ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը ամուր հիմք է հանդիսանում համատեղ ջանքերով բարեկամական հարաբերություններն առավել ընդլայնելու և ամրապնդելու համար:

Նախարար Մունխ-Օրգիլն իր ուղերձում վստահություն է հայտնում, որ մեր երկու պետությունների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կզարգանան և կխորանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների:


© 2009 ARMENPRESS.am