Իջևանի ճոպանուղու կառուցում, դեղաբույսերի մշակում, տնական գինու շշալցում. Տավուշի ներդրումային ծրագրերը պատրաստ են

09:57, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի ներդրումային ծրագրերը պատրաստ են, սպասում են ներդրողների: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, բազմաթիվ ներդրումային ծրագրեր կառավարության կողմից արդեն հավանության են արժանացել:

Ներդրումային ծրագրեր

Գուրգեն Հարությունյանը նշեց, որ Տավուշում ներդրումներ իրականացնելու համար բազմաթիվ հնարավորություններ կան: Մի շարք համայնքներ հանդես են գալիս իրենց ներդրումային ծրագրերով, կառավարության կողմից հավանության արժանացածների ուղղությամբ ֆինանսական հոսքեր են սպասվում: Գանձաքար գյուղից առաջարկվել է դեղաբույսերի մթերման մշակման, իրացման ծրագրիր: Հաղթանակ գյուղում մտադրություն կա իրականացնել ձիթապտղի մշակում և ձեթի արտադրություն: «Որպես ծրագիր առաջարկվել է Իջևանի կիսակառույց ճոպանուղու վերականգնումը: Այն միանշանակ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Ճոպանուղու մոտակայքում կա հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել զբոսաշրջային խոշոր կենտրոն»,-ասաց Գուրգեն Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ, Կողբ գյուղից առաջարկվել է ջերմոցային տնտեսության ծրագիր: Նավուր գյուղից առաջարկում են ներդրումներ կատարել մսի մթերման, սպանդանոցի ծրագրում, Վերին Կարմիր համայնքում առաջ են քաշել տնական գինու շշալցման ծրագիրը, Պտղավանում էլ՝ տնկարանային տնտեսության զարգացման ծրագիրը, որ կնպաստի այգեգործության զարգացմանը:

«Արդեն տեղաշարժեր կան, տարբեր գերատեսչություններից ծրագրերի հեղինակներին հրավիրում են քննարկումների, առաջարկություններ ներկայացնում ֆինանսական միջոցների հետ կապված: Ի դեպ, մի արգենտինահայ էր եկել, հետաքրքրված էր Գանձաքարի դեղաբույսերի արտադրամասի և Կոթիի մսի արտադրամասի ծրագրերով: Նա պատրաստ է առանց տոկոսի գումար տրամադրել գյուղացուն բիզնես սկսելու համար:  Ինչպես տեսնում եք այդ ծրագրերի ֆինանսավորման տարբեր մոտեցումներ կան: Չի բացառվում, որ առաջիկայում լինի առաջարկ դրամաշնորհների հետ կապված»,-ասաց Հարությունյանը:

Սոցիալական հարցեր, ենթակառուցվածքներ

Համայնքների խոշորացումից հետո Տարածքային զարգացման հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացնում: Մասնավորապես, Դիլիջան քաղաքում Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից սկսվել է համալիր ծրագիր՝ 850 մլն դրամ արժողությամբ: Խոշորացող համայնքներին պետությունը տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերում: Ծրագրերը գործնականում իրականացնում  են հենց իրենք՝ համայնքները: Արդեն ձեռք են բերվել աղբատար մեքենաներ, որոնք իրականացնելու են աղբահանություն: Այդ գումարով նախատեսվում են ցերեկային լուսավորության, ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, նախանշված են կրթական ծրագրեր: Առանձին ուշադրություն  է դարձվում զբոսաշրջությանը: Այս ոլորտի զարգացմանն ուղղված նույնպես մի շարք ծրագրեր են նախատեսված:

«Նմանատիպ ծրագիր նախատեսվում է Նոյեմբերյանի երեք փնջերի համար ևս՝ Նոյեմբերյան, Կողբ, Այրում: Դրանից բացի, Տարածքային զարգացման հիմնադրամը Բարագավանում սկսել է ջրամատակարարման բարելավման աշխատանքները՝ 73 մլն դրամ արժողությամբ, այս տարի այդ աշխատանքները կշարունակվեն: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի միջոցով էլ մարզի 7 համայնքներում գյուղական զարգացման աշխատանքներ են սկսվել: Իրականացվում է ջրամատակարարման համակարգի կառուցում վերակառուցում Արծվաբերդում, Կոթիում, Այգեձորում, Չինչինում, Հաղարծինում, Նորաշենում»,-հավելեց նա:

Գյուղատնտեսության զարգացման ծրագրեր

Պետական միջոցների հաշվին, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, գյուղացիական տնտեսություններին շուկայականից մատչելի գներով կտրամադրվի ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութ: Գուրգեն Հարությունյանի խոսքով, ազոտական պարարտանյութը տրամադրվում է 6 հազարով, կալիումականը, ֆոսֆորականը՝ 7 հազարով: Շուկայում գները տատանվում են 9-11 հազարի սահմաններում: Շուկայականից ցածր գներով գյուղացիներին տրամադրվում է նաև դիզելային վառելիք: Աջակցություն է ցուցաբերվում կրծողների դեմ պայքարում: Բուսասանիտարային մասնագետների մոնիտորինգի արդյունքներով ճշտվում է, թե որքան համապատասխան նյութերի կարիք կա և դրանք տրամադրվում են գյուղացիներին:

«Ֆրանսիայի հայկական հիմնադրամն ամեն տարի մոտավոր 400 մլն դրամի ներդրում է իրականացնում գյուղատնտեսության զարգացման նպատակով: Հիմնել են փոքր ֆերմաներ, բարելավվել են ոռոգման ջրամատակարարման համակարգերը: Այդ աշխատանքները կշարունակվեն 2017 թվականին: Ի դեպ, մասնավոր ներդրումներ են ակտիվացել, հատկապես հյուրանոցառեստորանային ոլորտում»,-ասաց մարզպետարանի ներկայացուցիչը:

Անվտանգություն

Մարզի անվտանգության հարցերը ամենաբարձր մակարդակով պաշտոնյաների ուշադրության կենտրոնում են: Ամեն տարի այդ ուղղությամբ աշխատանքներ են նախատեսված: Գուրգեն Հարությունյանը նշեց, որ տարբեր ծրագրերով այս տարի նախատեսված է հենապատերի, այլ անհրաժեշտ շինությունների կառուցում:


© 2009 ARMENPRESS.am