Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը

09:30, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է քաղաքական և պատմական առումով կարևոր այս օրը նորից զգալ հայության միասնականությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով արցախահայությանը Վերածննդի օրվա կապակցությամբ, նկատել է, որ Սահմանադրական հանրաքվեի օրը Արցախում գտնվելը, ոչ միայն զուտ դիտորդական առաքելություն է, այլև՝ հաճելի և անհրաժեշտ պարտականություն:

 «Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ձեռքերով սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Սա ևս մեկ հնարավորություն էր՝ ցույց տալու, որ Արցախը անշեղորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Մտքերի փոխանակության կարգով ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Շուշան Պետրոսյանը, Լյովա Խաչատրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Մկրտչյանը և Կարեն Շահմուրադյանը ամփոփել են օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում իրականացրած իրենց դիտարկումները և գոհունակություն հայտնել հանրաքվեի ողջ ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկել են նոր Սահմանադրության դրույթներին, մասնավորապես, դրանից բխող օրենսդրական հետագա կարգավորումներին վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am