Նալբանդյանն ու դե Միստուրան քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

21:31, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովին փետրվարի 17-ին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները:

Ստեֆան դե Միստուրան գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում:


© 2009 ARMENPRESS.am