ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի պայմանագիրը կստորագրվի մինչև 2017թ- ի ավարտը

21:18, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Սինգապուրում հանդիպել է այդ երկրի կառավարության ղեկավար Լի Սյան Լունի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական հանձնաժողովի լրատվական խառայությունից, հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հարցը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև այս հարցով արդեն իսկ կա ստորագրված հուշագիր, որի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: «Ուրախ եմ, որ ԵԱՏՄ երկրները աջակցում են այս հարցով բանակցությունների մեկնարկին: Իմ կարծիքով սա առաջին կարևոր քայլն է մեր միջև առևտրի և ներդրումների զարգացման ու մեծացման հարցում»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Սինգապուրի վարչապետն էլ շեշտել է, որ երկիրը պատրաստ է կառուցողական երկխոսության և հույս ունի, որ ազատ առևտրի պայմանագիրը կստորագրվի մինչև 2017թ-ի ավարտը: «Մենք շատ ուրախ ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները հետաքրքրված են մեզ հետ բիզնես անելու հարցում»,- նշել է Լի Սյան Լունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության հնարավորությունները:


© 2009 ARMENPRESS.am