Ռումինացի լրագրողն անդրադարձել է Հեզեմանի «Հայոց ցեղասպանություն» գրքի ռումիներեն հրատարակությանը

19:18, 17 Փետրվար, 2017

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինական Amos News անկախ լրատվական գործակալությունն «Շաբաթվա գիրքը. Հայոց ցեղասպանությունը» վերնագրի տակ զետեղել է ռումին գրող եւ լրագրող Ստելիան Ցուռլեայի/Stelian ȚURLEA գրախոսականը Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի ռումիներեն հրատարակության վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է Փոքր Ասիայի արևելքում Պարսկաստանի և Կովկասի հարևանությամբ գտնվող Վան քաղաքում, որն ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի ամենամեծ հայկական քաղաքն էր: Դրանից հետո այն կայծակի արագությամբ տարածվեց ողջ Օսմանյան կայսրությունով: Սկզբում պատրվակն այն էր, որ հայերն իբր դասալքաբար անցել էին ռուսների կողմը և դավադրություն հյուսել Օսմանյան կայսրության դեմ: Չնայած որ մի քանի հարյուր հայ էր դասալքել, թուրքական իշխանությունները դաժան վերաբերմունք դրսևորեցին՝ ճնշելով ողջ հայ բնակչությանը, որտեղ էլ որ նրանք գտնվեին՝ անասելի դաժանությամբ պարտադրելով մաքուր մահմեդական պետություն ունենալու տեսլականը: Արդյունքում սպանվեց 1,5 միլիոն մարդ:

Հայոց ցեղասպանությունը, որն ավելի կարճ անվանվում է Արմենոցիդ, այսօր համարվում է բոլոր ցեղասպանությունների մայրը, 20-րդ դարի առաջին մեծ աղետը: Այն կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստը՝ Հրեաների ցեղասպանությունը, կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Այն նաև կոչվում է «Հոլոքոստ Հոլոքոստից առաջ»: Պատմաբանների մեծամասնությունը նշում է, որ այն ներշնչել է Հիտլերին հրեաներին վերացնելու գաղափարը:

Թուրքիան, չնայած խոստովանել է, որ շատ քրիստոնյա հայեր են սպանվել օսմանյան ուժերի հետ բախումներում, հերքում է, որ հարյուր հազարավոր հայեր են սպանվել դիտավորյալ կերպով և որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Նույնիսկ այսօր Թուրքիան ճնշումներ է գործադրում և սպառնում խզել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ճանաչում են Արմենոցիդը: Այն դեպքում, երբ նույնիսկ Գերմանիան դա արեց:

Մայքլ Հեսեմանը՝ սույն գրքի հեղինակը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ավելացնում է բավականին նոր աղբյուրներ՝ Վատիկանի գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերը: Դրանք ցնցող կերպով ապացուցում են մարդկության դեմ կատարված հանցագործությունը և Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ի և նրա դիվանագիտական ծառայության հուսահատ փորձերը՝ դադարեցնելու հանցագործությունները՝ մատնանշելով, սակայն, մարդկության պարտությունը բարբարոսության դեմ պայքարում:

«Արմենոցիդը միայն մի էթնիկ խմբի ոչնչացումը չէր, որոնք էլ որ լինեին դրա պատճառները, պնդում է Մայքլ Հեսեմանը: Դա ժամանակակից շրջանում քրիստոնյաների ամենամեծ և ամենաարյունալի որսն էր: Այն փաստը, որ խոսքը կրոնի մասին էր, և ոչ թե ազգության, ակնհայտ երևում է այն բանից, որ Հայոց ցեղասպանությանը հետևեց երկրորդը՝ ասորի քրիստոնյաների դեմ, ապա նաև երրորդը՝ Օսմանյան կայսրության ուղղափառ հույների դեմ: Այսպիսով, ժամանակակից Թուրքիայի բնակչության ընդհանուր թվի մեջ քրիստոնյաների համամասնությունը, որը 1914 թ. կազմում էր 19 տոկոս, նվազեց մինչև 0,2 տոկոս»:

«Հայոց ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ», հայտարարեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016թ. հունիսի 24-ին Երևանում, երբ այնտեղ ոգեկոչում էին Արմենոցիդի հարյուրամյակը»:

Մայքլ Հեսեմանը (ծնվ. 1964թ.), այս անչափ հետաքրքիր ու տեղեկություններով հարուստ գրքի հեղինակը, Գյոթինգենի համալսարանում ուսումնասիրել է պատմություն, մշակութային մարդաբանություն և լրագրություն: Նա միջազգային հաջողություններ գրանցած հեղինակ է, պրոֆեսիոնալ լրագրող և դասախոս՝ մասնագիտացած պատմական և կրոնական բնույթի առարկաներում: Վատիկանի գաղտնի արխիվ մուտք ունի 2008 թվականից:

Մայքլ Հեսեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի առաջին անգամ հրապարակված փաստաթղթեր Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին» գիրքը հրատարակել է Մետեոր հրատարակչություն/Meteor Press, գերմաներենից թարգմանիչ Ալեքսանդրա-Կատրինա Չոռնեյ, Նախաբանը՝ Սորին Անտոխիի, Նախաբանից առաջ խոսքը՝ Ազատ Օրդուխանյանի, 352 էջ:


© 2009 ARMENPRESS.am