Իսպաներենը որպես օտար լեզու իմացության վերաբերյալ հավաստագիր հնարավոր կլինի ստանալ նաև Հայաստանում

18:46, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից տրվող իսպաներենը` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիրը հնարավոր է ստանալ արդեն Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանատնից, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և դեսպանության քարտուղար Գուստավո Մերլոն փետրվարի 17-ին հյուրընկալվել են Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Հանդիպման նպատակն էր համալսարանի իսպաներեն լեզվի ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացնել CELU քննությունը:

Լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ դեսպան Ուրրիոլաբեիտիան անդրադարձավ երկու երկրների բարեկամությանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց ամրապնդել համագործակցությունը համալսարանի հետ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը շեշտեց կրթական և մշակութային հարաբերությունների կարևորությունը և բացատրեց, որ լեզու սովորելը ոչ միայն տեխնիկական աշխատանք է, այլև մշակոիյթների փոխանակում:

Դեսպանատան քարտուղար Գուստավո Մերլոն, իր հերթին մանրամասնորեն ներկայացրեց քննության ֆորմատը և ընթացքը: 

CELU -ն (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատը) Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից առաջարկվող իսպաներենի` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր է: CELU-ի քննությունն իրականացվում է 2004 թվականից ի վեր և վավեր է ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ավստրիայում և այլ երկրներում: Ունի 35 -ից ավել մասնաճյուղեր, որոնցից մեկն էլ շուտով կբացվի Հայաստանում` Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:

CELU -ի քննությանը կարող է մասնակցել 16 տարեկանը լրացած իսպաներեն լեզվին տիրապետող կամ սովորող ցանկացած ոք: Քննությունը անց է կացվում տարին երկու անգամ:Հայաստանում առաջին քննությունը կկայանա 2017 թվականի մարտի 14-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:
Քննության արժեքն է 15,000 դրամ, որը կարելի է վճարել ինչպես կրեդիտ քարտով, այնպես էլ առձեռն:


© 2009 ARMENPRESS.am