Սամվել Բաբայանը համակրանք ունի մեր դաշինքի նկատմամբ. Վարդան Օսկանյան

17:30, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի կարող անտարբեր լինել Հայաստանի համար կարևոր փուլում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացների նկատմամբ: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: «Բնականաբար, նա որոշակի համակրանք ունի որոշ քաղաքական ուժերի նկատմամբ: Ակնհայտ է, որ այս պահին Սամվել Բաբայանի համակրանքը մեր դաշինքի կողմն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վարդան Օսկանյանը:

Թե վերջնական ինչ դիրքորոշում կունենա քաղաքական ուժերի նկատմամբ Սամվել Բաբայանը, Վարդան Օսկանյանը խորհուրդ տվեց այդ հարցը նրան ուղղել:

Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը «Երրորդ հանրապետություն» կուսակցության, ՀԴԿ-ի և ԱԻՄ-ի հետ: Նա ընդգծեց, որ նորմալ քաղաքական գործընթաց է գնացել, որի շրջանակներում քաղաքական ուժերը պայմանավորվել են ընտրություններին մասնակցել դաշինքով և բանակցություններ են սկսել այդ հարցի շուրջ: «Սակայն բանակցությունների արդյունքում մենք հանգել ենք նման իրավիճակի և կայացվել է այսպիսի որոշում: Մենք խորը հարգանք ենք տածում բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, որոնց հետ այս ընթացքում բանակցել ենք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Սա նորմալ քաղաքական գործընթաց  է»,- ասաց Օսկանյանը:


© 2009 ARMENPRESS.am