«Հայկական վերածնունդ»-ը չի բացառում հետընտրական դաշինք ձևավորելու հնարավորությունը

15:36, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի բացառում այլ քաղաքական միավորների հետ հետընտրական դաշինք ձևավորելու հնարավորությունը: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ  ՀՎԿ-ն կարող է հետընտրական դաշինքի  ձևավորման առանցք հանդիսանալ` նկատելով, որ կան քաղաքական ուժեր, որոնց մոտեցումները տարբեր հարցերի շուրջ մոտ են իրենց մոտեցումներին։ «Մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք առանձին, սակայն հետընտրական դաշինքներ ձևավորելու հնարավորությունը չենք բացառում: Ավելին` մենք կարող ենք հանդիսանալ այդպիսի դաշինքի առանցք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շահգելդյանը:

Պատգամավորը նաև հավելեց, որ այս ընթացքում տարբեր քաղաքական ուժերի կողմից ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկներ ՀՎԿ-ն ստացել է, սակայն նախընտրել են միայնակ մասնակցելու տարբերակը, քանի որ վերջին 25 տարվա փորձը ցույց է տվել, որ նախընտրական դաշինքներն արդյունավետ չեն, և ընտրություններից հետո դրանցում լինում են ապակենտրոնացման գործընթացներ: Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում կուսակցությունները հիմնականում միայնակ են մասնակցում ընտրություններին, իսկ քաղաքական դաշինքները կենսունակ են այն դեպքերում, երբ դրանում ընդգրկված քաղաքական ուժերն ունեն ընդհանուր մոտեցումներ:

Եզրափակելով խոսքը` Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՀՎԿ-ն պատրաստ կլինի հետընտրական դաշինք կազմել այն դեպքում, երբ կունենա քաղաքական որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորություն:

 


© 2009 ARMENPRESS.am