Սպասվող լրահոս. 17.02.2017

09:20, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 17-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կներկայացվի Ներդրումային հարթակի վեբ-կայքը, ինչպես նաև նախարարության վերագործարկված կայքը։ Կազմակերպիչները մանրամասներ կհաղորդեն հավաքագրված որոշ ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերն արդեն հայտերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ուրվագծվել է մասնակիցների ցանկը, պարզ է դարձել, թե որ քաղաքական ուժը ինչ ձևաչափով և ինչ ցուցակով է ներկայանում: Ինչպես և սպասվում էր ներքաղաքական զարգացումները պատրաստվում են վերլուծել մի շարք գործիչներ: Քաղտեխնոլոգներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, քաղաքագետներ կներկայացնեն իրենց դիտարկումները ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կներկայացվեն տեղեկություններ՝ փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:

Գյումրիում կտրվի Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի (ՏԶՊԾ) դրամաշնորհի երկրորդ փուլի հայտամրցույթի մեկնարկը: Ծրագրի մանրամասները կներկայացնի Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Գյումրու երիտասարդական պալատում էլ կանցկացվի դասական երաժշտության երեկո՝ «Մշակույթ և զարգացում. կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո:

Իրատեսակա՞ն են արդյոք բարեփոխումները դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում: Այս և այլ հարցերին ոլորտի մասնագետները կանդրադառնան Երևանում կազմակերպվող քննարկման ժամանակ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կներկայացնեն իրենց դիտարկումները:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կմեկնի ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղ: Այնտեղ նախարարը կայցելի գյուղի միջնակարգ դպրոց եւ Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ կվարի բաց դաս:

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում տեղի կունենա կամերային համերգ։ Կներկայացվեն Հարո Ստեփանյանի կամերային ստեղծագործությունները։ Մենակատարներ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, «Հովեր» պետական կամերային երգչախումբ: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Գրիքի տոնին ընդառաջ մեկնարկում են բազմաթիվ միջոցառումներ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 17-20-ն կանցկացվի Գրքի երևանյան մանկապատանեկան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Այն կբացվի առավոտյան ժամը 10:00-ին: Գրքի տոնին ընդառաջ միջոցառում է սպասվում նաև Գրողների միությունում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



© 2009 ARMENPRESS.am