Երևանյան բեսթսելեր 4/48. «Դորիան Գրեյի դիմանկարը» նորից ամենավաճառվածն է

09:48, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:

Երրորդ հորիզոնականում այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը հինգերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ցանկ է վերադարձել և բեսթսելերների ցանկում վեցերորդ տեղը զբաղեցրել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Կրկին մեզ հետ է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Այն յոթերորդ հորիզոնականում է: Լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում: 

Ութերորդ տեղում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունն է: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

Իններորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպը: 
Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ, դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆոռնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 55
2 +1

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 50
3 -1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 49
4 +2

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան»

DirectMEDIA 40
5 +3

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 35
6 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 15
7 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 12
8 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 8
9 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ պրինտ 7
10 Նոր

Ջոն Ստայնբեք

«Ցասման ողկույզները»

Զանգակ 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


© 2009 ARMENPRESS.am