Կլուծվեն ՀՀ մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները

14:16, 16 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, այն վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունը որոշել է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին:  Որոշմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն  ՀՀ դրամ գումար հատկացնել ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով: Արդյունքում կլուծվեն սոցիալական բնույթի և կենսական նշանակություն ունեցող հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համապատասխան որոշման ընդունմամբ գործադիրը  սահմանել է կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը, որն ուղղված է սպանդի գործընթացում պահանջվող անվտանգության երաշխիքների ապահովմանը, անասնաբուժական հսկողության մակարդակի բարձրացմանը, իրացվող մթերքի նույնականացման և վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիության ապահովմանը:   

Կձևավորվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համաձայն՝ ՀՀ կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին: Ինպես նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որոշմամբ առաջարկվում է դեռևս նշանակել երկու անդամ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին: «Երրորդ տեղն առաջարկում ենք այս պահին չլրացնել և ԱԺ ընտրություններից հետո պաշտոնապես առաջարկություն ներկայացնել Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցությունից»,-նշել է Դավիթ Հարությունյանը:   

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝   ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն  ՀՀ կառավարության աշխատակազմում համանման  գործառույթներով օժտված բաժին ստեղծելու նպատակով: Նշված վարչությունը հանդիսանալով նախարարության  զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին: 

Երևանի ավագանու հերթական ընտրությունը տեղի կունենա 2017 թ. մայիuի 14-ին 

            Հաշվի առնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքը և ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի  2-րդ մասի պահանջը՝ կառավարությունը  որոշում է ընդունել Երևանի ավագանու հերթական ընտրությունը 2017 թ. մայիuի 14-ին նշանակելու վերաբերյալ: 

Հաստատվել է անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը 

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջները՝ կառավարությունը հաստատել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը: Ըստ այդմ՝  կկարգավորվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այդ մարմինների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում այլ անձանց կողմից էլեկտրոնային եղանակով պահպանվող և մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց փոխանցելու և տվյալների բազաները փոխկապակցելու հետ կապված հարաբերությունները, բացառությամբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված անձնական տվյալների փոխանցման հետ կապված հարաբերությունների:

Կառավարությունը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում  կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը: Այդ նպատակով կստեղծվի մրցութային հանձնաժողով:  

Վերացվել է ընդերքօգտագործողներին կառուցապատման իրավունքի տրամադրման համար  ստեղծված խոչընդոտը

Լրացում կատարելով 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ կառավարությունը վերացրել է ընդերքօգտագործողներին կառուցապատման իրավունքի տրամադրման համար  ստեղծված խոչընդոտը: Հիմնավորման համաձայն՝  ՀՀ հողային օրենսգիրքը սահմանում է, որ պետական կամ համայնքային հողամասերի նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրումը պետք է իրականացվի մրցույթով: Ներկայումս այդ բացառությունը սահմանված է ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի համապատասխան որոշմամբ: Սակայն, նման բացառություն սահմանված չէ ընդերքօգտագործողներին տրամադրվող կառուցապատման իրավունքի համար: Լրացմամբ առաջարկվում է  ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին տրամադրել առանց մրցույթի կառուցապատման իրավունք: 

Օրենսդրական նախաձեռնություններ 

Կառավարությունը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշվեքննիչ պալատի մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ փաթեթի ընդունման դեպքում օրենքն իրավական հենք կհանդիսանա ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից հանրային ֆինանսների կառավարման գործընթացում  ժամանակակից պահանջների համապատասխան էական ու կառուցողական ներդրում ունենալու համար, ինչը կբարձրացնի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը։ Միաժամանակ, ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ կլինի զարգացած երկրներում, մասնավորապես, ԵՄ-ում գործող հասկացություններին և չափանիշներին: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, օրինագծերի փաթեթը համահունչ է ՀՀ նոր Սահմանադրության դրույթներին: «Ընդհանուր առմամբ, կոնցեպտուալ, գաղափարախոսության տեսանկյունից մենք կողմ ենք, որովհետև բավականին առաջ քայլ է արվում օրինագծերով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ նոր Սահմանադրությանը:  

Միջազգային համագործակցություն 

            Գործադիրը  համաձայնություն է տվել ՀՀ  և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի    թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 4 800 000 ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61 136 078, 36 ԱՄՆ դոլար: ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4 800 000 ԱՄՆ դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրերի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության»,        «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն»,  «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»:

            Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2015թ. օգոստոսի 10-ին կնքված փաստաթղթի շրջանակում նախատեսվում է իրականացնել Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագիրը, որը ՀՀ պետբյուջեում ներառելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի  նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը հասնելու ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման` Հայաստանում վարչատարածքային բարեփոխման (ՎՏԲ) միջոցով: Ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրումային միջոցներ կտրամադրի ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՎՏԲ-ի պիլոտային փուլում 14 խոշորացվող փնջերում զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար: 

Գործադիրն անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրել «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնին 

Կառավարությունը  որոշել է հետ վերցնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցում գտնվող տարածքը և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին՝ «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով: Համաձայն ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է 5 տարում տարածքի բարելավման նպատակով կատարել 1 մլն ՀՀ դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի՝ 200 000 ՀՀ դրամի չափով:

Գործադիրը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել  «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն և հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով: 

Այլ որոշումներ 

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում՝ նախատեսելով, որ այն դեպքում, երբ օտարերկրացին ՀՀ միջազգային պայմանագրի հիման վրա ՀՀ պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր), ապա ՀՀ տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ համարվի նաև ներքին անձնագիրը:

Մեկ այլ որոշման ընդունումով կառավարությունը սահմանել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար  սահմանված ֆինանսավորման  բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի: Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել է ուշադիր լինել  և արձագանքել երեկ  ԵՊՀ-ում ղեկավարության  և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը բարձրացված հարցերին:


© 2009 ARMENPRESS.am