Հարո Ստեփանյանի ստեղծագործություններով ազդարարվեց հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի բացումը

21:54, 15 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ փետրվարի 15-28-ը, Երևանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը:  Այն նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյա հոբելյանին: Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի բացման համերգը տեղի ունեցավ փետրվարի 15-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Հարո Ստեփանյանը հիանալի երաժիշտ էր, կոմպոզիտոր, մանկավարժ,  հասարակական գործիչ: Փառատոնին ներկայացվելու են ոչ միայն նրա, այլև հայ կոմպոզիտորական արվեստի այլ սերունդների ներկայացուցիչների գործեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը:

Փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ այս նախաձեռնության գլխավոր նպատակը հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները ճանաչելի դարձնելն է: «Փառատոնի ընթացքում կթվայնացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Դրանք  կձայնագրվեն, կտեսագրվեն և մենք կունենանք հարուստ աուդիո և վիդեո նյութեր»,- ասաց նա:

Անցած 7 տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակում թվայնացվել է 50-ից ավելի հայ կոմպոզիտորի գործ, ձայնագրվել է 200 ստեղծագործություն:

Բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հարո Ստեփանյանի սիմֆոնիկ պարերը, Գրիգոր Հախինյանի, Մարտին Վարդազարյանի և Արթուր Ահարոնյանի ստեղծագործությունները:

Փառատոնի ընթացքում 5 համերգային երեկո կանցկացվի` 2 սիմֆոնիկ և 3 կամերային: Կամերային համերգները տեղի կունենան փետրվարի 17-ին, 20-ին, 24-ին: Փետրվարի 17-ի և 24-ի կամերային համերգները կանցկացվեն Արամ Խաչատրյանի տուն թանգարանում, իսկ  փետրվարի 20-ի միջոցառումը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում: Փառատոնի փակման համերգը կլինի փետրվարի 28-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգային այդ ծրագրում կներկայացվի Ջոն Տեր-Թադևոսյանի երկրորդ սիմֆոնիան, որը, նոտաների բացակայության պատճառով, երկար տարիներ չի հնչել Հայաստանում, կներկայացվի նաև Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երկու հատված:


© 2009 ARMENPRESS.am