Ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտին. Քառօրյա պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է

09:31, 15 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող, հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է: Գրիգորը սովորել է Երեւանի թիվ 127 դպրոցում, որտեղ նրան դասավանդած ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտներից մեկին:

Ավագ դասարանների դասղեկ Հրանուշ Մանուկյանը նկատել էր՝ Գրիգորին դասարանում շատ էին սիրում: «Ես նոր էի աշխատանքի անցել այդ դպրոցում, հենց առաջին դասարանը, որ ընդունեցի, նրանց դասարանն էր: Կարելի է ասել՝ Գրիգորը միջավայրի հոգին էր, միշտ ընկերներով շրջապատված: Երբ մի քանի օր բացակայությունից հետո գալիս էր դպրոց, երեխաների համար ուրախություն էր: Մինչեւ հիմա էլ աչքիս առաջ այն տեսարանն է, թե ինչպես էր Գրիգորը մտնում դասարան, ընկերները համախմբվում էին նրա շուրջը: Ու գիտեք, դրա հետ մեկտեղ նա երբեք չէր գոռոզանում, միշտ նույն անաղմուկ, համեստ Գրիգորն էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է դասղեկը:

Գրիգորը շատ էր սիրում պատմություն. նույնիսկ 12-րդ դասարանում ասել էր, որ բացի հայոց պատմության գրքից, այլ գիրք չի ուզում ստանալ, իսկ ծառայության առումով հստակ գիտակցում էր պատասխանատվությունը եւ շատ լուրջ էր տրամադրվել:

Տիկին Մանուկյանը պատմում է, որ ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ իր մեկ այլ՝ 10-րդ դասարանի աշակերտները ոտքի էին ելել ու ցանկանում էին ամեն կերպ աջակցել զինվորներին: «Այդ ժամանակ իմ որդին նույնպես ծառայում էր: Բոլորի համար սա շատ ծանր շրջան էր. մինչև այսօր էլ հիշում եմ, թե ինչպես զանգեցին մեզ, հայտնեցին, որ զոհվածների մեջ նաեւ մեր դպրոցի աշակերտներից է, թե ինչպես էինք այստեղ, այնտեղ զանգահարում, որ պարզեինք՝ արդյոք ճիշտ է»,-հիշում է դասղեկը:

Դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Արմինե Խաչատրյանը հիշում է Գրիգորին որպես շատ հպարտ մի աշակերտի, ով հրաժարվում էր իրեն հատկացված աջակցությունից՝ պնդելով, որ կարիքը չունի, կաշխատի եւ սեփական ուժերով կօգնի ընտանիքին: «Գրիգորը մեզ մոտ եկավ չորրորդ դասարանից: Բազմազավակ ընտանիքի երեխա էր, հորը կորցրել էր վաղ տարիքում, տան ողջ հոգսը մոր ուսերին էր: Ընտանիքի սոցիալական պայմանները լավ չէին, եւ Գրիգորը դեռ փոքրուց ուներ մեկ նպատակ՝ աշխատել եւ օգնել ընտանիքին: Շատ էր սիրում նկարել. միջոցառումներին, մրցույթներին միշտ հետաքրքիր նկարներ էր ներկայացնում: Անչափ ընկերասեր էր. եթե ամբողջ դասարանով դասերից փախչում էին, կասեր, որ ինքն է կազմակերպել, ինքն է արել մի բան, ինչին իրականում չի մասնակցել»,-պատմում է տիկին Խաչատրյանը:

Առաջիկայում դպրոցի դասարաններից մեկն անվանակոչելու են Գրիգոր Հարությունյանի անունով, եւս մեկն էլ՝ օգոստոսին Արցախում զոհված զինծառայող Գեւորգ Հարությունյանի, ով նույնպես սովորել է այս դպրոցում:

Սյուզի Մուրադյան


© 2009 ARMENPRESS.am