Սպասվող լրահոս. 14.02.2017
09:10, 14 Փետրվար, 2017ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա կներկայացնի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան բանակցություններին վերաբերող հարցեր:
«ԵԼՔ» դաշինքի ուժերն այսօր կհրապարակեն դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում են «ԵԼՔ դաշինք» անվանումով:
Զվարթնոց օդանավակայանի «Հայփոստ»-ի բաժանմունքում կգործարկվի պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը: Այն տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախրարությունում կստորագրվի հուշագիր՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում համագործակցության մասին: Փոխըմբռնման հուշագիր կստորագրեն նախարար Լևոն Մկրտչյանը եւ «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում տեղի կունենա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովը, որով էլ կորոշվի Նաիրիտի հետագա ճակատագիրը՝ կվերագործարկվի՞ այն, թե ոչ։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2016թ. վճռով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: 02.12.2016թ. դատարանի որոշմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ռոմիկի Ասատրյանը:
Երևանում կանցկացվի «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» խորագրով համաժողով: Այն կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը:
Այսօր տեղի կունենա ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացման, արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը։ Ներկա կլինեն Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հագուստի, կոշկեղենի արտադրության ու դիզայնի ոլորտների ղեկավարներ, բիզնես հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգի ձևավորման նպատակով նախատեսված են մի շարք բարեփոխումներ: Այդ նպատակով կմշակվեն ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր, ինչպես նաև գործող որոշ իրավական ակտերում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը կներկայացնի մանրամասներ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
© 2009 ARMENPRESS.am