Վարչապետի մոտ քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

19:42, 10 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 10-ին տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Կարևորելով ստուգումների իրականացման գործընթացում բիզնես հանրության շահերը՝ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն այս առումով, լրամշակել ստուգաթերթերը և այնուհետև ներկայացնել Խորհրդի քննարկմանը:

Ներկայացվել է «Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տեսչական մարմնի առավել անկախ կարգավիճակի ապահովում և հաշվետվողականության բարձրացման համար որակի ապահովման համակարգի ներդրում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել առաջարկվող հայեցակարգը, ի մի բերել շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու առաջարկությունները և լրամշակված տարբերակը ներկայացնել Խորհրդին:

Նիստում քննարկվել են նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն մի շարք նախարարություններում առկա տեսչությունների լուծարմանը և նոր տեսչական մարմինների ստեղծմանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am