Լապշինի արտահանձնումը ԼՂ խնդրի կարգավորման վրա բացասական անդրադարձ չի ունենա. մեդիա փորձագետ

20:54, 9 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեդիա փորձագետ Թաթուլ Հակոբյանի  կարծիքով` բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին որևէ  քաղաքական հետևանք չի ունենա և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա բացասական չի անդրադառնա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեդիա փորձագետ Թաթուլ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այս պահին որևէ կտրուկ քայլի դիմելը սխալ կլինի։

«Արդեն շատ ուշ է, և հարկավոր չէ Բելառուսի դեսպանատան մոտ և դեսպանի հեռանալուն ուղղված կոչ անել»,- նշել է Հակոբյան:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


© 2009 ARMENPRESS.am