Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը խայտառակություն է. Կարեն Բեքարյան

11:09, 8 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսից Ադրբեջան արտահանձնումը խայտառակություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Հաշվի առնելով Բելառուսի կեցվածքը, պահվածքը, այդ երկրում ժողովրդավարության վիճակը՝ ասել, թե արտահանձնման որոշումն անսպասելի էր, այդպես չէ: Միևնույն է, սա խայտառակ քայլ է և խայտառակ գործողություն: Ի՞նչ հետևանք կունենա այս քայլը: Դա էապես սրելու է իրավիճակը և ահավոր մեծ հարված է հասցնելու հնարավոր վստահության միջոցներին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում ենք: Այսինքն, եթե մենք անընդհատ խոսում ենք, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում պետք է ունենալ վստահության միջոցներ, ապա այս պարագայում տեսանք, որ երկիրը`Բելառուսը, ոչ միայն իր նպաստը չի բերում, այլև այդ նույն վստահության միջոցներին հասցնում է շատ մեծ հարված, և չեմ կարծում, թե չգիտակցված: Այսինքն` դա մեծ խնդիր է, որի գլոբալ հետևանքները դեռ կերևան: Այն շատ ավելի մեծ հարցերի շրջանակ է բացելու»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Արտահանձնումն արդեն կայացել է: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


© 2009 ARMENPRESS.am