Սպասվող լրահոս. 01.02.2017
09:28, 1 Փետրվար, 2017ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
ՀՀ ԳԱԱ-ում այսօր` փետրվարի 1-ին, կտրվի «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կներկայացնեն մանրամասներ տեղեկատվական արշավի վերաբերյալ: Կկայանա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին անիմացիոն ֆիլմերի առաջին ցուցադրությունը:
Այսօր ելույթով հանդես կգա ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Նա կներկայացնի իր գործունեության ծրագրերը և նախանշված ուղիները: Միջոցառմանը ներկա կլինեն նախարարներ, պետական պաշտոնյաներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանում: Վիգեն Սարգսյանի այցի, ձեռքբերված պայմանավորվածությունների մասին իր դիտարկումները կներկայացնի իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Ինչպես հայտնի է 2016 թվականը Հայաստանում հայտարարվել էր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում դեկտեմբեր ամսին ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման աշխատանքները՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսօր կանցկացվի շրջայց կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու համար:
Ամփոփվել են 2016 թվականի ժողովրդագրական ցուցանիշները: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը կներկայացնի 2016 թվականի ժողովրդագրական իրավիճակը, բնական շարժի ցուցանիշներ` ծնելիություն, մահացություն, ամուսնություն ամուսնալուծություն:
Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը կխոսի հիվանդության պատճառների, կանխարգելիչ միջոցառումների մասին:
Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում տեղի կունենա բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցներն են տվյալ հիվանդանոցի հիվանդներն ու նրանց ընտանիքները, ովքեր բողոքում են պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման առթիվ, պատճառաբանելով, որ նրանցից շատերը մարզերից են, ներկայացնում են անապահով խավ:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում կկայանա կենսաթոշակային և արխիվային տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգերի շնորհանդեսը: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը, այլևս քաղաքացու փոխարեն, էլեկտրոնային հարցման միջոցով արխիվից կստանա աշխատանքային ստաժերը հաստատող տեղեկանք: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը:
Հայաստանում են ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպությունը նախատեսում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ ձայնասկավառակ թողարկել և Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել: «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը, լուսանկարիչ Ակիրա Կայամոտոն և «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն կներկայացնեն նախաձեռնության մանրամասները:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
© 2009 ARMENPRESS.am