Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը «Խազարի գավաթ 2017»-ում

00:18, 28 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «Խազարի գավաթ 2017» մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 14 երկրների 97 շախմատիստ, այդ թվում` 16 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց Ալիռեզա Ֆիռուզայի նկատմամբ և վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր հավաքացին նաև հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշն ու Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբեյը:  Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Բերկեշը, Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Ամին Տաբատաբեյը եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:

Մրցաշարի ընթացքում Ղարիբյանը հաղթանակներ տոնեց իրենից շուրջ 200 և 300 վարկանիշային կետով բարձր միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետների նկատմամբ, իսկ վերջին տուրից առաջ միայն կես միավորով էր հետ մրցաշարի առաջատարներից: Չնայած վերջին տուրում բազմափորձ գրոսմայստեր Օլեգ Կորնեևից կրած պարտությանը` Ղարիբյանը  124 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը և, մրցաշարում իր գործակցով 97 մասնակիցների մեջ լինելով 59-րդը, արդյունքում գրավեց 22-րդ հորիզոնականը, ինչը բավականին բարձր արդյունք է այսպիսի ուժեղ մրցաշարի համար:

 

 


© 2009 ARMENPRESS.am