Սպասվող լրահոս. 23.01.2017

09:15, 23 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հունվարի 25-27-ը Երևանում անցկացվելու է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես: Միջոցառմանն ընդառաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը կներկայացնեն միջոցառումների մանրամասները, նպատակը, ակնկալվող արդյունքները:

Երևանում նաիրիտցիների համակարգող խումբը կազմակերպում է Նաիրիտին վերաբերող բաց քննարկում։ Քննարկվող հարցերը վերաբերում են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկմանն ու արդիականացմանը :

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշինքների, միավորումերի հարցը շարունակում է մնալ քննարկումների օրակարգում : Այս անգամ ներքաղաքական զարգացումների մասին կխոսիԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:  

Շրջանառության մեջ է դրված «Ճարտարապետական գործունեության մասին»  օրենքի նախագիծ, որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ: Ի ՞նչ իրավունքներով և պարտականություններով է օժտված լինելու պալատը և ի՞նչ գործառույթներ է այն իրականացնելու: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանը և վարչության անդամ Սաշուր Քալաշյանը կներկայացնեն իրենց դիտարկումները :

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվում է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգից անցում կատարել մեկ աստիճան համակարգի: Նախագծի այս դրույթը մտահոգության առիթ է դարձել գիտնականների շրջանակում: ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը կներկայացնեն իրենց դիտարկումները սպասվող փոփոխության դրական և բացասական կողմերի մասին :

Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը: Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am