Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայի եկեղեցիների նախագահին

16:01, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Ավստրալիայից Լիբանան ժամանած եկեղեցական պատվիրակությանը` Ավստրալիայի միավորված եկեղեցու նախագահ  վերապատվելի Սյուարտ Մաքմիլլանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է  կատարվել  քրիստոնեական աշխարհին հուզող հարցերին եւ մարտահրավերներին:

Վեհափառ Հայրապետը հետաքրքրվել է Միջին Արեւելքում քրիստոնեության ներկա իրավիճակից` կարեւորելով հատկապես քրիստոնյա եկեղեցիների միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ Արեւմտյան եկեղեցիների հետ հարաբերությունները սերտացնելու եւ նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Նորին Սրբությունը շեշտել է  նաեւ Ավստրալիայի եւ Միջին Արեւելքի եկեղեցական խորհուրդների միջեւ փոխադարձ այցելությունների եւ համագործակցության հրամայականը:


© 2009 ARMENPRESS.am