Խոսրով Հարությունյանն անդրադարձել է քաղաքականություն վերադառնալու Ծառուկյանի որոշմանը

16:37, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նորմալ է վերաբերվում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու որոշմանը: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով հարցին` կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքը մրցակից լինել ՀՀԿ-ի համար` Խոսրով Հարությունյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքը, այլ նաև բոլոր ուժերը մրցակից կլինեն ՀՀԿ-ի համար: Տարբեր քաղաքական միավորների վարքագիծն այս նախընտրական շրջանում պայմանավորված է իշխանության դեմ և ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, ուստի իշխանությունը բոլորին մրցակից է համարում և պատրաստ է ազատ ու թափանցիկ պայքարի»:

Հունվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և լայն դաշինք ձևավորելու եղանակով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին: 2015թ. մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր իր գործունեության քաղաքական էջը փակելու և քաղաքականությունից հեռանալու մասին:

 


© 2009 ARMENPRESS.am