Երևանում անցկացվել է ԵՄ ՀԱՊՔ դասընթացների շրջանավարտների համաժողով

21:49, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո հունվարի 18-ից 19-ը Երևանում տեղի է ունեցել  ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

համաժողովը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշվել է գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում գործընկեր երկրների միջև երկխոսության կարևորությունը:

Համաժողովի օրակարգում ներառված՝ կիբեռանվտանգության խնդիրներին նվիրված թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ներկայացուցիչը: Բանախոսությունում անդրադարձ է կատարվել կիբեռսպառնալիքների դեմ պայքարին, ներկայացվել են համապատասխան փորձն ու մոտեցումները:

Համաժողովի ավարտին ԵՄ ներկայացուցիչների կողմից ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի հավաստագրեր են շնորհվել դասընթացների մասնակիցներին:

 


© 2009 ARMENPRESS.am