«Ժառանգություն»-ում տարակարծությունները շարունակվում են. ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

21:23, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամները տարակարծություններ են ունեցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային  ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ նիստի ընթացքում  քննարկվել է երկրում տիրող քաղաքական վիճակը և այն հարցը, թե ինչ կարող է առաջարկել կուսակցությունը:

Անդրադառնալով ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հարցին` Փոստանջյանն ընդգծեց, որ ինքն անձամբ պատրաստ չէ դաշինքով մասնակցել: Նա ընդգծեց, որ կուսակցությունում ունի կողմնակիցներ, իսկ թե ինչ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը:  Պատգամավորը չբացառեց, որ համաձայնության չգալու դեպքում կուսակցությունը կարող է ընդհանրապես ընտրություններին չմասնակցել:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց , որ ընտրություններին դաշինքով մասնակցելու նախապատվություն կա, բայց որոշումը վերջնական չէ: Նրա խոսքով` ցանկացած հնարավորություն մնում է՝ ինչպես դաշինքով մասնակցելը, այնպես էլ առանձին ցուցակով: Դաշինքով մասնակցելու համար կա որոշակի նախապատվություն, բայց այն կարող է վերջնական դառնալ, եթե գործընկերների հետ գան որոշակի համախոհության:

Նա հավելեց, որ քննարկումները դեռ շարունակվում են և վերջնական որոշում ունենալու դեպքում այդ մասին տեղյակ կպահեն հանրությանը: 


© 2009 ARMENPRESS.am