ՀՀ ԱՆ-ն պարբերաբար ներկայացնում է քաղաքացիների կյանքի դյուրացմանն ուղղված ծրագրերի նոր առաջակներ

19:47, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականների հիման վրա ընդունվել են քաղաքացիների կյանքի դյուրացմանն ու իրավունքների պաշտպանությանն ուղղված տարբեր որոշումներ:

«Առաջինը և թերևս լայն տարածում գտածը մեկ միասնական պատուհանի ներդրումն էր, երբ պետության կողմից ծառայությունների մատուցման գործառույթները պատվիրակվել են մասնավոր օպերատորներին, և այդ կապակցությամբ կառավարության նիստերում ընդունվել են մեկ տասնյակից ավելի մի շարք որոշումներ: Այսօր արդեն գործում է 4 օպերատոր՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերսբանկ», և հենց այդ մասնավոր օպերատորների միջոցով քաղաքացիներն ստանում են այնպիսի ծառայություններ, ինչպես քաղաքացիական կացության ակտերի գրանցումը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրին առնչվող տարբեր տեղեկատվություններ, որոշ գործառույթներ, որոնք վերապահված են եղել ոստիկանությանը և արտաքին գործերի նախարարությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` այդ հանձնարարականը չի կարելի համարել վերջնական կատարված, որովհետև պարբերաբար՝ մոտավորապես 2-3 շաբաթը մեկ, Արդարադատության նախարարությունը տեխնիկական համապատասխան լուծումները զարգացնելուն զուգընթաց առաջարկում է նոր ծառայություններ ընդգրկել վերը նշված շարքում: 

Հարությունյանն առանձնացրեց նաև ԴԱՀԿ ծառայության կողմից պարտապանին կարճ հաղորդագրությունների միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցման որոշումը: «Ծառայությունը գործում է, և դրա մասին տեղեկատվություն կա թե´ սոցցանցերում, թե´ գովազդային տարբեր հարթակներում: Սա կարևոր գործիք է, այն դեռևս շատ լայն տարածում չի ստացել և հույս կա, որ այն կդառնա ավելի տարածված»,- ասաց նախարարը:
Դավիթ Հարությունյանն ընդգծեց նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում անձին` կատարողական գործողությունների արդյունքում  իր միակ կացարանից չզրկելու որոշման կարևորությունը:

«Հանձնարարականների հիման վրա մի շարք փոփոխություններ են կատարվել օրենսդրության մեջ, որոնք վերաբերում են, օրինակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստացման հետ կապված առցանց դիմում ներկայացնելու կամ կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ցանկացած վայրում՝ անկախ շահառուի հաշվառման վայրից ներկայացնելու հնարավորությանը, նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մեղմմանն ուղղված միջոցառումները»,- ասաց նախարարը: 


© 2009 ARMENPRESS.am