Արցախի ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում. Արման Թաթոյան

15:18, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին բարձրաձայնելու հարցում մեծ դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում: Մարդու իրավունքները սահմաններ չպետք է ճանաչեն: Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է: Մենք քաղաքականության հետ կապ չունենք: Կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիների մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունները պետք է ունենան ակտիվ ներգրավվածություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թաթոյանը:

Նրա գնահատմամբ` հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը տեսնի, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն աշխատում է արդյունավետ և փարիզյան սկզբունքներին համապատասխան: «Ես գործադրել եմ, գործադրում եմ և գործադրելու եմ բոլոր ջանքերը, որպեսզի նպաստեմ այս հարցերի բարձրացմանը»,- եզրափակեց Արման Թաթոյանը:


© 2009 ARMENPRESS.am