Պատկերասրահը մեծ թվով ցուցահանդեսներ է կազմակերպելու արտերկրում

15:42, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի նախատեսվում է բավական մեծ թվով ցուցահանդեսներ կազմակերպել արտերկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Այս տարի մարտին Նովոսիբիրսկում Ազգային պատկերասրահը Մ. Սարյանի տուն-թանգարանի հետ կազմակերպելու է Սարյանի նկարների ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսում ներկայացվելու են նկարչի՝ պատկերասրահում և թանգարանում գտնվող աշխատանքները»,- նշեց Ծատուրյանը: 

Ծատուրյանը հայտնեց, որ ռուսական իմպրեսիոնիզմի նորակառույց թանգարանում կազմակերպվելու է հայկական իմպրեսիոնիզմի ցուցահանդես:

«Ցուցադրվելու է մոտ 50 աշխատանք: Ամբողջ ցուցահանդեսի  հետ կապված ծախսերը կատարում է ռուսական կողմը: Հրատարակվելու է ցուցահանդեսի կատալոգը:  Շատ կարևոր եմ համարում այն, որ ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքը պատկերասրահն է իրականացնելու,  քանզի  մենք կարող ենք ավելի հասանելի դարձնել այնտեղի այցելուների համար հայ նկարիչների մասին պատկերացումները»,- ասաց նա:

Պատկերասրահի տնօրենի խոսքով` կազմակերպվելու է նաև երկու ցուցահանդես Լեհաստանի Սոպոտ քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am