Նորվեգիայից ապաստան ստանալու խնդրանքով դիմող թուրքերի թիվն ավելացել է

16:48, 14 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ավելացել է այդ երկրի քաղաքացիների թիվը, ովքեր դիմել են Նորվեգիային ապաստան ստանալու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի օգոստոսից Նորվեգիան ստացել է ապաստան ստանալու խնդրով 89 դիմում:

Նորվեգական Verdens Gang պարբերականը գրում է, որ շատ թուրք դիվանագետներ կամ զինվորականներ չեն ցանկանում հետ վերադառնալ Թուրքիա: «Եթե վերադառնամ երկիր, անմիջապես կկալանավորվեմ: Ստիպված կլինեմ բռնության ներքո կեղծ ցուցմունքներ տալ»,- պարբերականին ասել է մի թուրք զինվոր, ով ցանկացել է մնալ անանուն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի խոսնակը պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայող մի շարք թուրք սպաներ կալանավորված են, իսկ որոշներն էլ ապաստան ստանալու դիմումներ են ներկայացրել տարբեր երկրների:


© 2009 ARMENPRESS.am