Արմեն Ամիրյանը հանձնարարել է պատասխանատվություն կրել նաև ներկայացումների տոմսերի և պաստառների համար

17:40, 13 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի նախարարության դահլիճներից մեկում վարձակալությամբ տրված ներկայացման տոմսի վրա ուղղագրական սխալի հետ կապված ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հունվարի 13-ին դիմել է նախարարության ենթակայության բոլոր հաստատությունների ղեկավարներին: «Այսօրվանից առաջին հերթին դուք եք պատասխանատու ձեր դահլիճում կամ սրահում թեկուզ վարձակալությամբ անցկացվող միջոցառումների ազդագրերի, տոմսերի և նման այլ նյութերում տեղ գտած ձևավորման ու բովանդակային ( այդ թվում՝ լեզվական) սայթաքումների և սխալների համար։ Նույնը կպահանջվի, երբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ներդրվի թարգմանական վազող տողը»,- նշել է Արմեն Ամիրյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարի խոսքով` ինչպես իրենք նախարարությունում պարտավորություն են վերցրել վերահսկելու իրենց ֆինանսական հովանավորությամբ միջոցառումների նյութերի դիզայնը և բովանդակությունը՝ թերություններն ու սխալները բացառելու համար, այդպես էլ նույնը պահանջում են ՊՈԱԿ-ներից և մյուս հաստատություններից:

Ֆեյսբուքի օգտատեր Նաիրա Բալայանը հունվարի 11-ին իր էջում տեղադրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված միջոցառման մի տոմս, որում «Ամանոր» բառը գրված է ուղղագրական սխալով. «Թե բա՝ ամանօրյա: 
Մշակույթի նախարարությունը հայերեն իմացող մի մարդ էլ չունի՞...»։ 

«Արամ Խաչատրյան» համերգասրահից նախարարությանը հունվարի 13-ին փոխանցել են տվյալ ներկայացման համար դահլիճը վարձակալած «ԵՀՀԿ» ՍՊԸ-ի տնօրեն Խ. Գևորգյանի նամակը, որում ասվում է, որ տոմսերի տպագրման և պատրաստման համար պատասխանատու աշխատակիցը խիստ նկատողություն է ստացել ուղղագրական սխալի համար։


© 2009 ARMENPRESS.am