Պոլսո նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու հարցով դիմում-նամակը պատրաստ է

15:31, 12 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ կազմվել է նոր պատրիարքի ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ նամակը: Այն պետք է հանձնվի պատկան մարմիններին` ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը, այս մասին համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Աթեշյանը:

Պատրիարքական փոխանորդը հայտնել է, որ նամակի պատրաստմանը զուգահեռ իրենք հանդիպում ստանալու խնդրանքով դիմել են Ստամբուլի նահանգապետարան: Սակայն վերջին իրադարձությունների հետևանքով Ստամբուլի նահանգապետի խիստ օրակարգի պատճառով նրա հետ դեռևս չի հաջողվել հանդիպել: Աթեշյանը տեղեկացրել է, որ եթե առաջիկա օրերին էլ հնարավոր չլինի հանդիպել Ստամբուլի նահանգապետի հետ, ապա իրենք այլ ձևով կուղարկեն պատրիարքական ընտրության վերաբերյալ դիմում-նամակը:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով: Գումարված ժողովի ժամանակ քննարկվել է հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»:


© 2009 ARMENPRESS.am