Մոուրինյոն «Լիվերպուլ»-ի դեմ խաղից առաջ կոչով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին

21:58, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք խաղից առաջ դիմել է երկրպագուներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով անգլիական ակումբի պաշտոնական կայքը, Մոուրինյոն նշել է իր և ողջ թիմի պատասխանատվությունը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում երկրպագուների ներկայությունն ապահովելու հարցում: «Դա առաջին հերթին մեր պատասխանատվությունն է»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Նա ընդգծել է` եթե թիմը շատ լավ և էնտուզիազմով խաղա, երկրպագուները կոգևորվեն և կխաղան թիմի հետ: «Եթե մենք լավ և հետաքրքիր խաղ չցուցադրենք, նորմալ կլինի, եթե երկրպագուները մի փոքր  թուլանան«,- ասել է նա:

Նա հավելել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները ֆանտաստիկ են, ինչը երևում է նույնիսկ այն ժամանակ, երբ թիմի գործերն այնքան էլ լավ չեն: «Երբ մենք վատ վիճակում էինք, մենք տեսանք, որ ունենք երկրպագուների բանակ, որն աջակցում և առաջ էր մղում մեզ: Մենք գիտենք, որ ունենք հրաշալի երկրպագուներ, սակայն ես կարծում եմ, որ կիրակի «Լիվերպուլ»-ի դեմ կայանալիք խաղը հատուկ նշանակություն ունի մեզ և մեր երկրպագուների համար: Ուստի երկրպագուներին կոչ եմ անում այդ օրը ոչ թե պարզապես ներկայացման գալ, այլ գալ մեզ աջակցելու և մեզ հետ խաղալու համար»,- եզրափակել է Մոուրինյոն:


© 2009 ARMENPRESS.am